Եվրոպական խաղարկություններով ընդմիջված այդ նույն Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական տուրը չանցավ առանց ցնցումների: Տեկտոնական շարժերն իրենց հատկապես զգալ տվեցին Գերմանիո կողմերում, որտեղ, ի տարբերություն Դորտմունդի «Բորուսիայի», «Բավարիան» թեև չպարտվեց, բայց և չհաղթեց: Արդարացի լինենք՝ երկուսն էլ Չեմպիոնների լիգայում ծանր հանդիպում էին ունեցել, երկուսն էլ նկատելիորեն հոգնած էին ներքին առաջնությունում: Ի դեպ, այդ հոգնածությունն իրեն զգալ տվեց ոչ միայն նրանց պարագայում: Սակայն գերմանականին արված հղումը թող տպավորություն չստեղծի, թե մնացածներում ամեն ինչ հալած յուղի պես էր: Բնա՜վ: Խելահեղ խաղերի շարք էր և՛ Իսպանիայի, և՛ Անգլիայի առաջնություններում: Մնացածներն էլ պակաս չէին:
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի հերթականն իրոք լուրջ անակնկալ մատուցեց: Նախ սեփական հարկի տակ միավոր կորցրեց «Բավարիան» (առաջին անգամ մրցաշրջանում)՝ ոչ-ոքի խաղալով «Քյոլնի» հետ (1:1), ապա՝ Դորտմունդի «Բորուսիան», որը շատ ավելի «առաջ» գնաց չեմպիոնության համար պայքարում իր գլխավոր հակառակորդից՝ ամբողջ երեք միավոր կորցնելով «Բայերի» հետ լևերկուզենյան դիմակայությունում (0:2):
Եթե մնացածից բավարացիների կտրվածությունը նպաստեց մրցաշարային աղյուսակում պահպանելու առաջատարի դիրքը, ապա դորտմունդցիների պարտությունը «Համբուրգի» նկատմամբ հաղթանակ տարած «Հերտային» (2:0) օգնեց բարձրանալու երկրորդ հորիզոնական: Դորտմունդցիների անկումն անհամեմատ ցավոտ կլիներ, եթե Գելզենկիրխեն մեկնած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տուն վերադառնար երեք միավորով, ինչը միանգամայն պարզ տրամաբանության շրջանակներում էր: Մինչդեռ ի՞նչ եղավ: Առաջնությունում չափից ավելի վատ մեկնարկած «Շալկեն» ոչ միայն երեք միավորի տեր դարձավ, այլև խփեց կրկնակի շատ գոլ, քան խփել էր նախորդ հինգ տուրերում: Համենայն դեպս, մենք հակված ենք կարծելու, որ 4:0 հաշվով հաղթանակը ոչ թե ապտակ էր, այլ նոկաուտ:
«Բավարիան» ունի 16, «Հերտան»՝ 13, Դորտմունդի «Բորուսիան»՝ 12 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև «Քյոլնն» ու «Լայպցիգը»:
ԻՍՊԱՆԻԱ
Համենայն դեպս, ինչ-որ լուրջ բան է կատարվում Մադրիդի «Ռեալի» հետ: «Էյբարի» հետ ոչ-ոքին թիմի համար չորրորդ անընդմեջն էր, ու, անկեղծ ասած, դժվարանում եմ հիշել, թե մեկ էլ երբ է «արքայականը» նման անհաջող սերիա ունեցել: Սակայն մեկ օր անց կայացած «Սելտա»-«Բարսելոն» դիմակայությունը ցույց տվեց, որ «արքայականի» հետ եղածն ընդամենը «ծաղիկներ» էր: «Կապտանռնագույններն» առաջին խաղակեսից հետո արդեն պարտվում էին 0:3 հաշվով, ինչն այս ակումբի երկրպագուների համար լատիներենով նոնսենս է որակվում, հայերենով՝ անհեթեթություն:
Բարսելոնցիներն իրավիճակը փորձեցին շտկել երկրորդ խաղակեսում: 2:3 հաշիվը խոստանում էր հաջորդիվ զարգացում հօգուտ նրանց, սակայն Մարկ-Անդրե տեր Շտեգենն այնպիսի աններելի վրիպում թույլ տվեց, որ ամոթ էլ էր հաշիվը 4:2 չդարձնելը: Ինչևէ: Խերարդ Պիկեի ջանքերով «Բարսելոնը» կարողացավ ևս մեկ գոլ հեղինակել, սակայն վերջնահաշվում դա չօգնեց պարտությունից խուսափելու՝ 3:4:
Իննսուներորդ րոպեին խփած գոլի հաշվին միայն կարողացավ միավոր կորցնելուց խուսափել «Սևիլիան» (2:1), ու այդ նվերը նրան պատրաստվում էր անելու այն նույն «Ալավեսը», որը մրցաշրջանի առաջին տուրում, դեռ նոր մտած բարձրագույն լիգա, պարտության մատնեց «Բարսելոնին», ու որից կատալոնյան ակումբը, ինչպես երևում է, այդպես էլ չի կարողանում ձերբազատվել:
Վերջին վայրկյաններին գոլի հեղինակ է դարձել նաև «Աթլետիկոն», սակայն այն Դիեգո Սիմեոնեի սաների երկրորդ անպատասխանն էր տանտիրոջ կարգավիճակում հանդես եկած «Վալենսիայի» դարպասը: 15-ական միավոր ունեցող «Աթլետիկոն» ու «Ռեալն» առաջին երկու հորիզոնականում են, «Սևիլիան» պակաս ունի մեկ միավոր: 13-ական միավորով 4-5-րդ տեղերում են «Բարսելոնն» ու «Վիլյառեալը»:
ԱՆԳԼԻԱ
«Մանչեստր Սիթիին» պրեմիեր լիգայում հաղթական մրցելույթները շարունակելու լուրջ քննություն էր սպասում «Տոտենհեմի» հետ մրցակցությունում: Շտապենք ասել՝ վերջիններս ամեն ինչում գերազանցեցին մրցակցին ու եթե տասնմեկմետրանոցն էլ իրացնեին, հաղթանակ կտոնեին խոշոր թվով, սակայն 2:0-ն էլ պակաս ուսուցողական չստացվեց:
Համեստ ստացվեց «Արսենալի» հաղթանակը «Բյոռնլիի» նկատմամբ (1:0), սակայն երեք միավորն ավելի քան տեղին էր առաջին եռյակում իր տեղը պահպանելու համար: «Մանչեստր Սիթին» ունի 18, «Տոտենհեմը»՝ 17, «Արսենալը»՝ 16 միավոր:
Ընթերցողը հարկավ նկատած կլինի, որ այլ առաջնությունների համեմատ, անգլիականին մենք որոշակի բացառությամբ ենք մոտենում ու ներկայացվող տեսություններում աշխատում ենք առաջին եռյակը կազմածների կողքին հիշել և այլոց: Սա քմահաճույք չէ, պարզապես անգլիական պրեմիեր լիգան էլի մի շարք թիմեր ունի, որոնց շրջանցել չի կարելի: Եվ այսպես, «Լիվերպուլն» արտագնայում կամային հաղթանակ տոնեց «Սուոնսիի» նկատմամբ ու տասնվեց միավորով ծանրորեն նստեց «Արսենալի» շնչին, «Լեստերը» սեփական հարկի տակ 0:0 խաղաց «Սաուտհեմպտոնի» հետ, վերջին տուրերում անհաջող հանդես եկող «Չելսին» մխիթարեց ու մխիթարվեց «Հալ Սիթիի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակով, «Մանչեստր Յունայթեդը»… Մանկունիացիների մրցակիցն առաջնությունում չափազանց անհաջող մեկնարկած «Ստոկ Սիթին» էր, ու տանտերերի համար ավելի քան հարմար առիթ էր մրցաշարային վիճակը փոքր-ինչ շտկելու համար: Երկրորդ խաղակեսում Մոուրինյոյի սաները վերջապես գտան մրցակցի դարպասը բացող բանալին, սակայն «Ստոկը» կարողացավ հավասարեցնել հաշիվն ու միավոր կորզել ամբիցիոզ մրցակցից: Որքան էլ հետխաղյա ասուլիսում Մոուրինյոն շտապեց հայտարարել, որ հանդիպումն իր թիմի համար եղածներից լավագույնն էր, այդուհանդերձ իրատեսական է դառնում մի բան. եթե զարգացումները շարունակեն այսպես ծավալվել, բերանս էլ չի բռնում ասել, թե պորտուգալացուն ինչ դիրքով կհանեն մարզադաշտից: Ավելացնենք, որ հանդիպմանն անգամ հայտավորված չէր մեր Հենրիխ Մխիթարյանը:
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում «ծեր սինյորան» վերադառնում է «Կա «Յուվենտուս», կան մնացածներ» բանաձևումին: «Էմպոլին» միայն առաջին խաղակեսում կարողացավ դիմադրել թուրինցիներին, իսկ ահա երկրորդում Մասիմիլիանո Ալեգրիի սաները լիուլի բավարարեցին իրենց գոլային ծարավը՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը:
Թվում էր, թե հաղթական գրաֆիկով կընթանա նաև «Նապոլին», սակայն «Ատլանտայի» հետ մրցակցությունում նեապոլցիները «նախապատվությունը» տվեցին պարտվելուն՝ 0:1:
Սեփական հարկի տակ «Սասուոլոյի» հետ գերդրամատիկ պայքարում 4:3 հաշվով հաղթանակի հասած «Միլանը» վաստակած տասներեք միավորով տեղ գտավ առաջատար եռյակում: Ասենք, որ նույնքան միավոր ունի ևս երեք թիմ՝ «Կիևոն», «Լացիոն», «Ռոման»: Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», միավորների թիվը 18 է, 14 ունի «Նապոլին»:
ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմենը» «Բորդոյի» հետ հաղթական հանդիպում ունեցավ (2:0), սակայն նախորդ տուրերից հետո նրա մրցաշարային դիրքն այնպիսին էր, որ երրորդ տեղից վերի ակնկալիք չէր կարող ունենալ: Դիվիզիոնում (գոնե այս փուլում) առաջին տեղի համար շարունակում են «միս կրծել» «Նիցցան» ու «Մոնակոն»: Մեկ օր ավելի վաղ հանդես եկած «Մոնակոն» պարզապես քրքրեց «Մեցին» նրա իսկ դաշտում (7:0) ու բարձրացավ առաջին հորիզոնական, սակայն հաջորդ օրը նույնքան հարվածային եղավ «Նիցցան»: Ճիշտ է, մոնեգասկների համեմատությամբ «Լորիանի» նկատմամբ նրա տոնած հաղթանակը հաշվի առումով տպավորիչ չէր, սակայն շատ ավելի ֆուտբոլային էր՝ 2:1:
«Նիցցան» ունի 20, «Մոնակոն»՝ 19, «Պարի Սեն Ժերմենը»՝ 16 միավոր:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Այս երկրի ֆուտբոլը եվրոպական ֆուտբոլային գերտերությունների շարքում զետեղելը հարկավ անլրջություն է, սակայն այս անգամ չափորոշիչը խաղերի խելագարայնությունն է: Ապշեցուցիչ լարված ստացվեց «Զենիթ»-«Սպարտակ» դիմակայությունը: Երկու անգամ հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն պիտերցիներն իրենց մեջ ևս երկու գոլ հեղինակելու ուժ գտան: Հետաքրքիր է, որ անգամ երրորդ անընդմեջ պարտությունից հետո Մոսկվայի «Սպարտակը» 19 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի և «Զենիթը»: Մյուս հանդիպումներից նշենք «Ռոստովի» 2:0 հաշվով հաղթանակը ԲԿՄԱ-ի (բանակայիններն ունեն 18 միավոր) և «Կրասնոդարի» նվազագույն հաշվով առավելությունը «Ռուբինի» նկատմամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ